Իրեն եւ 4-ամյա դստերը սնդիկի օքսիդով թունավորած 35–ամյա Շուշանիկ Թ.-ի եւ դստեր վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ սեպտեմբերի 17–ին  Մասիսի բժշկական կենտրոնից տեղափոխվել է մայրը:

Ըստ աղբյուրի` բժիշկների նախնական գնահատականով կինը հոգեկան խնդիրներ ունի, եւ հնարավոր է` ավելի ուշ տեղափոխվի հոգեբուժարան։

Նշենք, որ 4-ամյա աղջնակը գտնվում է Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում. սնդիկի օքսիդից այրվել է երեխայի ստամոքսը, կերակրափողը, բերանի խոռոչը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 16-ին Մասիս քաղաքում 35-ամյա Շուշանիկ Թ.-ն սնդիկի օքսիդ եւ արծաթի նիտրատ էր խմել, ապա սնդիկի օքսիդ էր խմեցրել նաեւ 4-ամյա դստերը՝ Սյուզի Մ.-ին: Շուշանիկ Թ.-ն ամուսնալուծված է, քիմիայի ուսուցչուհի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում սեպտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության փորձ):