Սիլիկյան թաղամասում խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող՝ «Քարերի աշխարհ» ընկերության սեփականատեր Մարտիրոսյանների ընտանիքի գործով դատավարությունը սկսվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց մեղադրյալների փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Առաջին նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպաններից մեկը չէր ներկայացել: Մեր պաշտպանյալները մեղավոր չեն, սակայն այն փուլին չենք հասել, երբ կարող ենք դիրքորոշում հայտնել»,- ասաց փաստաբանը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Հրանտ, Աշոտ եւ Հրաչյա Մարտիրոսյանները շուրջ 20 րոպե, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. այն է՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել եւ անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ուրիշի գույք են ոչնչացրել:
Հրանտ, Աշոտ եւ Հրաչյա Մարտիրոսյաններին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հրանտ Մարտիրոսյանը գրավով ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանավորվել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 9-ին` ժամը 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սիլիկյան թաղամասի բնակչուհի Մարինա Ավետիսյանից, որ համագյուղացի Կառլեն Մարտիրոսյանն իրենց տան բակում փայտով հարվածել է իրեն եւ պատճառել ֆիզիկական ցավ, որից հետո Կ. Մարտիրոսյանը, Հրանտ, Հրաչ, Աշոտ Մարտիրոսյանները հետապնդել են իր անչափահաս որդուն, հայհոյել, երկաթյա եւ փայտյա մահակներով դիտավորությամբ նրա կողմից վարվող «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին։




























