Մեկ օրում առնվազն 11 հազար փախստական է հատել սերբ-խորվաթական սահմանը։ Այս մասին հայտարարել է Խորվաթիայի ՆԳՆ-ն։ Այս կապակցությամբ Խորվաթիայի իշխանությունները որոշել են փակել Սերբիայի հետ սահմանային 8 անցակետերից 7-ը։

Խորվաթիայի  նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում սահմանի հսկողության գործին կներգրավվեն երկրի զինված ուժերը։ Խորվաթիայի ՊՆ-ն հաստատել է, որ բանակը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Ինչպես նշում է The Guardian-ը, դեռ չորեքշաբթի Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը լավատեսորեն հայտարարել էր, որ երկիրն ի վիճակի է ընդունել Հունգարիայի փակած սահմանից այն կողմն մնացած մարդկանց։ Սակայն արդեն հինգշաբթի կառավարությունը գիտակցեց, որ չի կարող դուրս գալ ճգնաժամից։ Իշխանություններն հայտարարել են, որ այլեւս չեն կարող փախստականներ ընդունել։