Ճապոնիայի խորհրդարանի Վերին պալատը դեմ է քվեարկել վարչապետ Սինձո Աբեին ոչ կոմպետենտ ճանաչելու բանաձեւին։ Օրինագիծը խորհրդարան էր ներկայացրել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը։

Ըստ գործող օրենքի՝ նման բանաձեւի քննարկումը առաջնային բնույթ է կրում, ինչը թույլ է տվել ընդդիմությանը հետաձգել անվտանգության ուժերի լիազորությունների ընդլայնման մասին օրինագծերի փաթեթի ընդունումը։ Ավելի վաղ ընդդիմությունը նման բանաձեւ էր ներկայացրել Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի հարցով, որը նույնպես չէր ընդունվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

2015թ. մայիսին Ճապոնիայի կառավարությունը արտահերթ նիստում հաստատել էր օրինագիծը, որի համաձայն՝ ինքնապաշտպանական ուժերը այսուհետ հնարավոր կլինի օգտագործել ավելի լայն մասշտաբներով, այդ թվում՝ երկրի սահմաններից դուրս։  Օրինագծի փաթեթն արդեն հաստատվել է խորհրդարանի ստորին պալատի կողմից եւ դրվել է վերին պալատի քննարկմանը։