Աֆրիկյան միությունը չի ճանաչում Բուրկինա Ֆասոյում ռազմական հեղաշրջում արած նոր իշխանություններին: Այդ մասին ասված է միության հանձնաժողովի ղեկավար Նկոսազանա Դլամինի Զումայի տարածած հայտարարության մեջ:

«Միությունը ոչինչ չնշանակող ու օրինական ուժ չունեցող է համարում նախագահ Միշել Կաֆանդոյին «հեռացնելու» եւ նրան նոր իշխանություններով փոխարինելու փորձի մասին զինվորականների հայտարարությունները»,- հայտնում է հանձնաժողովի նախագահը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ժամանակավոր կառավարության առաջնորդների ձերբակալությունը գնահատվում է որպես «ահաբեկչական գործողություն, որի նպատակն է խափանել Բուրկինա Ֆասոյում անցումային շրջանը ՝ խորհրդարանական ու նախագահական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ»:Դլամինի Զուման հայտարարել է, որ ողջունում է Բուրկինա Ֆասոյում կատարված հեղաշրջման միջազգային դատապարտումը, քանի որ այդ հեղաշրջումը «զգալի սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում ու մայրցամաքում խաղաղության, կայունության ու անվտանգության համար»:

Նա աֆրիկյան երկրներին կոչ է արել ջանքեր  գործադրել ՝ «անցումային շրջանը խափանելու փորձը կասեցնելու ուղղությամբ» :