«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, խմբակցության նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ՀՅԴ-ին անդամագրվելու դիմում չի ներկայացրել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Այդպիսի քննարկում տեղի չի ունեցել, ՀՅԴ վերադառնալու հատուկ կարգ կա, եւ վստահ եմ, որ Ռուբիկ Հակոբյանը տեղյակ է այդ կարգին: Եթե ցանկություն ունենա վերադառնալ, կդիմի այդ կարգով, Գերագույն մարմինն էլ կքննի դիմումը եւ որոշում կկայացնի»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ իրենք պրակտիկա ունեն նախկին դաշնակցականներին ընդունելու:
Մեր հարցին, թե ինչ հարաբերություններ ունեն Ռուբիկ Հակոբյանի հետ, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Նորմալ հարաբերությունների մեջ ենք: Ռուբիկ Հակոբյանը Դաշնակցության դեմ որեւէ գործողություն չի ծավալել, ընդհակառակը նրա շատ գաղափարներ, մոտեցումներ բխում են հենց Դաշնակցության մտածելակերպից»:
Հիշեցնենք, որ Ռուբիկ Հակոբյանը կուսակցությունը լքելու մասին հայտարարել է սեպտեմբերի 17-ին ուշ երեկոյան: Ըստ մամուլի հրապարակումների՝ Հակոբյանը ցանկանում է վերադառնալ ՀՅԴ:




























