Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, որ «ՀԷՑ»-ը պատրաստվում են վաճառել օֆշորում գրանցված ընկերության: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

«Կարելի է շատ բան հորինել, դնել թերթերի մեջ: Չգիտեմ՝ ում է վաճառվում, դա իմ լիազորությունների մեջ էլ չէ: Վարչապետը հրահանգել է ստուգել, թե ինչ ընկերություն է դա: Երբ արդյունքները լինեն, առաջինը ես կիմանամ, հետո դուք»,- ասաց ԱԺ նախագահը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կառավարության նիստում ՀՀ էներգետիկայի եւ բնակլան պաշարների նախարար Երվանդ Զախարյան հայտարարել է, որ «ՀԷՑ»-ի 100 տոկոսի սեփականատեր «Inter RAO Holding B. V.» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԷՑ-ի բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ:

Նշենք, որ Liormand Holdings Limited ընկերությունը գրանցված է Կիպրոսում 2010 թվականի նոյեմբերից: Համապատասխան տվյալները հրապարակել է i-cyprus.com ոչ պաշտոնական կայքը, որը տեղեկություններ է ներկայացնում Կիպրոսի ռեգիստրում գրանցված ձեռնարկությունների մասին: