Պետք չէ տրվել ադրբեջանական լրատվամիջոցների բորբոքած կրքերին, որոնք հաճույքով ըմբոշխնում են Վահան Մարտիրոսյանին առնչվող պատմությունը: Այդ մասին NEWS.am -ի թղթակցին հայտարարել է ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Հասկանալի պատճառներով պետք չէ հիմք ընդունել այն տեղեկությունները, որոնք տարածում է ադրբեջանական մամուլը: Սպասենք պաշտոնական տեղեկությունների, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ», - ասել է Բաղդասարյանը:
Մինչ «Ներազգային ազատագրական շարժում» ՀԿ ղեկավար Վահան Մարտիրոսյանը կնոջ հետ միասին Բաքվում մամուլի ասուլիսում հայտարարում է, որ «ադրբեջանական լրատվական դաշտի օգնությամբ մտադիր է համաշխարհային համայնքի ու հայկական սփյուռքի ուշադրությունը սեւեռել Հայաստանում հանցավոր ռեժիմի վրա», չի կարելի չնկատել, որ վայ-փախստական Մարտիրոսյանը սխալվել է երկրի ընտրության հարցում: «Ժողովրդավարության օրրան Ադրբեջանը», չդիմանալով Եվրախորհրդարանի կառուցողական քննադատությանը, մի քանի օր առաջ հրաժարվել է Խորհրդարանական վեհաժողովի «Եվրանեսթի» նիստերին մասնակցելուց: Ըստ երեւույթին Վահան Մարտիրոսյանը տեղյակ չէ, որ ինքը քաղաքական ապաստան է խնդրել մի երկրից, որը քննադատությունների է ենթարկվել մարդու իրավունքներին վերաբերող իրավիճակի հետ կապված:




























