Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիաներին մասնակցած ակտիվ քաղաքացիներին հետապնդում եւ սպառնում են: Այս մասին NEWS.am-ին ասաց նախաձեռնության անդամներից Ռիմա Սարգսյանը՝ նշելով, որ քաղաքացիներից նման ահազանգեր են ստացել:
«Գիտենք, որ անչափահասների ծնողներին են հանդիպել իրավապահները, ասել են՝ մի մոռացեք, որ 18 տարեկան չկան: Գյուղապետարանների միջոցով կանչում են, ասում՝ խելոք պահեք ձեզ, չգնաք ցույցերին: Բացի այդ քաղաքացիներ կան որոնց զանգել են, ասել են՝ մի մոռացեք, որ երեխեք ունեք»,- ասաց Ռիմա Սարգսյանը:
Ռիմա Սարգսյանը նշեց, որ իրենց կազմակերպած վերջին նստացույցից հետո, երբ Բաղրամյան պողոտան մոտ 10 ժամ փակ մնաց, քաղաքացիներին հետապնդելու դեպքերը հաճախացել են:
«Կարծես գրոհի են անցել, գողական ձեւերով փորձում են մարդկանց հետ պահել իրենց իրավունքը պաշտպանելուց»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ավելացված 6.93 դրամը կսուբսիդավորվի արտաբյուջետային միջոցներից՝ «Որոտան» կասկադի վաճառքից ստացված գումարից:
«Ոչ թալանին» նախաձեռնությանը վրդովեցրել է, որ չնայած նախագահը հայտարարել էր, որ ամբողջ բեռը պետությունը կվերցնի իր վրա, բայց վարչապետը հայտարարել էր, որ կսուբսիդավորում կտրամադրի միայն քաղաքացիներին եւ մինչեւ 500 կվտ էներգիա ծախսող ՓՄՁ-ներին: Նրանք սեպտեմբերի 11-ին, բողոքի երթ անցկացրին Ազատության հրապարակից, որի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա եւ փակեցին այն: Մոտ 10 ժամ պողոտան փակ մնալուց հետո հաջորդ առավոտյան ոստիկանությունը բացեց այն՝ բերման ենթարկելով 48 ցուցարարի:




























