Եվրամիությունն այնպիսի գործիքներ ունի, որոնք Հայաստանի համայնքները կարող են օգտագործել որոշակի ծրագրեր իրականացնելու համար։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների տեղական եւ տարածաշրջանային իշխանության մարմինների կոնֆերանսի (CORLEAP) ժամանակ, հայտարարեց ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նրա խոսքով՝ CORLEAP հարթության միջոցով ԵՄ-ում լուծում են այդ ոլորտում առկա խնդիրները։ «Ինչ-որ չափով դա Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ զուգահեռ համագործակցությունն է, իհարկե բովանդակային տարբերություններով»,- նշել է Տերտերյանը։

Փոխնախարարի խոսքով՝ CORLEAP-ը ներդրումների ծրագիր չէ, այլ ավելի շուտ ինստիտուցիոնալ ինտեգրացիայի եւ ընդհանուր կոնցեպտների մշակման հարթություն։ «Ես տեղյակ եմ, որ մեր քաղաքներից 4-5-ը ԵՄ-ին ակտիվ ծրագրեր են մատուցում, եւ շանս կա, որ վաղը մենք հանրապետության քաղաքներում այնպիսի կոնկրետ ծրագրեր կունենանք, ինչպիսին էներգատնտեսող տեխնոլոգիաների կիրառումն է»,- ասաց Վաչե Տերտերյանը։

CORLEAP-ը ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրներում տարածքային հարթությունը ներկայացնող համատեղ ժողով է որը համախմբում է ԵՄ եւ «Արեւելյան գործընկերության» երկրների տեղական եւ տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին: Խորհրդաժողովը միակ հարթակն է, որը հնարավորություն է ստեղծում քննարկելու քաղաքների եւ ռեգիոնների դերակատարումը «Արեւելյան գործընկերության» զարգացման համատեքստում:

CORLEAP, ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011 թվականին՝ ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկրներին տարածքային եւ տեղական հարթություն բերելու նպատակով: CORLEAP-ը համախմբում է 36 տարածքային եւ տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը՝ CoR-ից, 18-ը՝ Արեւելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա: