Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Քուվեյթի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Նա, ողջունելով հյուրին, կարեւորել է երկկողմ հարաբերությունների առավել զարգացումը, երկու երկրների միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, առեւտրատնտեսական համագործակցության զարգացումը:

Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ջերմ ընդունելության համար, նրան է փոխանցել Քուվեյթի Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի շնորհավորական ուղերձը եւ բարեմաղթանքները՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Դեսպանը եւս կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը, որը, ըստ նրա, էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: