ՏԻՄ-երի զարգացումը ՀՀ կառավարության առաջնայնությունների թվում է եւ ԵՄ փորձն օգտակար է մեր երկրին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Եվրոպական միության Ռեգիոնների եվրոպական կոմիտեի նախագահ Մարկու Մարկուլայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա կարեւորել է Արեւելյան գործընկերության տարածքային եւ տեղական իշխանությունների բյուրոյի նիստի եւ համաժողովի անցկացումը Երեւանում եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի ԵՄ երկրների եւ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԵՄ-ն մեր երկրի կարեւոր գործընկերներից մեկն է եւ ՀՀ-ն պատրաստ է առաջ մղել երկկողմ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Պարոն Մարկուլան շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ Արեւելյան գործընկերության տարածքային եւ տեղական իշխանությունների բյուրոյի նիստը եւ համաժողովը հյուրընկալելու համար եւ մանրամասներ ներկայացրել ԵՄ երկրների համայնքների եւ Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից պետությունների ՏԻՄ-երի միջեւ համագործակցության զարգացման շուրջ տեղի ունեցած քննարկումների ու դրանց արդյունքների վերաբերյալ: Մարկու Մարկուլան նշել է, որ քննարկվել են համայնքներում տնտեսական աճի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստող գործողությունների մշակմանը, ձեռներեցության խթանմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Աբրահամյանը կարեւորել է ներկայացված ուղղություններով համագործակցությունը եւ համոզմունք հայտնել, որ այն էապես կնպաստի երկրի առաջընթացի գործում մեծ դերակատարություն ունեցող ՏԻՄ-երի զարգացմանը: