Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գործընկերոջ կարգավիճակ են ստացել, դժվար թե նրանց տարածքային վեճը հետաքրքրի կազմակերպության անդամներին: Այս մասին «The Diplomat» ամսագրի կայքում հրապարակված հոդվածում ասել է Ռիչարդ Վեյցը:
Հոդվածում վերլուծաբանը մտորում է, թե որքանով էր արդարացված կազմակերպության մեջ նոր անդամների ներգրավումը, որն ավելի քան 10 տարի փակ էր ընդլայնման համար:
Նրա խոսքով, 2 ամիս անց հայտնի է, որ ՇՀԿ-ի վերածննդի մասին բոլոր խոսակցությունները, համենայն դեպս, վաղաժամ էին, եթե չասենք՝ գերլավատեսական:
«Չնայած ՇՀԿ-ն փորձում է բարձրացնել կազմակերպության լիիրավ անդամ չհանդիսացող երկրների կարգավիճակը, ոչ մի ապացույց չկա, որ այդ պետությունները կարողացան օգտվել իրենց ստացած ավելի ցածր կագավիճակից»,- գրել է հեղինակը:
Այսպես, օրինակ, Թուրքիան, գործընկերոջ կարգավիճակ է ստացել 2012 թվականին, բայց նույնիսկ չէր մտածում կառույցի գագաթաժողովներին եւ այլ նիստերին բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղարկելու մասին:
Հոդվածագրի կարծիքով, նույնը տեղի կունենա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի պարագայում: «Չնայած Ուֆայում Հայաստանի եւ Ադրբեջանին գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու մասին որոշում կայացվեց եւ հակառակորդներին տարածքային վեճը լուծելու եւս մեկ հարթակ տրամադրվեց, ապացույցներ կան, որ Չինաստանը կամ ՇՀԿ անդամ մյուս պետությունները, հնարավոր է՝ բացի Ռուսաստանից, դժվար թե ցանկանան ներքաշվել ղարաբաղյան հակամարտության մեջ»,- կարծում է Վեյցը:
Հիշեցնենք, որ Հայաստանը, Ադրբեջանը, Կամբոջան եւ Նեպալը հունիսին Ուֆայում կայացած ՇՀԿ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի ժամանակ միացել են կազմակերպությանը՝ գործընկերոջ կարգավիճակով: Նիստի ընթացքում նաեւ կառույցին Հնդկաստանի եւ Պակիստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին փաստաթղթեր են ստորագրվել:




























