Փախստականների հարցում Գերմանիայի որդեգրած քաղաքականությունը ոչ միայն եվրոպական երկրներին է ներքաշել ճգնաժամի մեջ, այլ նաեւ Գերմանիային մեկուսացրել է հարեւաններից։ Այս մասին Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում գրում է տնտեսական բաժնի խմբագիր Հոլգեր Շտելտցները։
«Գերմանիան փախստականների հարցում «բարի գալուստի» քաղաքականությամբ խանդավառություն առաջ բերելու հետ մեկտեղ պետք է հաշվի առներ, թե ինչ են այդ մասին մտածում իր հարեւանները։ Մինչդեռ կանցլեր Անգելա Մերկելը միայնակ գիրկը լայն բաց արեց փախստականների առջեւ, առանց հաշվի նստելու Շենգեն գոտու երկրների հետ, իսկ հետո էլ, առանց հարեւան երկրների հետ քննարկելու, հսկողություն սահմանեց այդ երկրների հետ սահմաններին»,- գրում է հեղինակը նշելով, որ այդ պարագայում հարեւանների կոշտ արձագանքը ավելի քան հասկանալի է։
Հոդվածագիրը, անդրադառնալով փախստականներին ընդունել չցանկացող երկրների դիրքորոշմանը, նշում է, որ Գերմանիան փորձում է ԵՄ մյուս երկրներին ստիպել ընդունել փախստականներին։ «Ֆինանսական սպառնալիքներով մյուս երկրներին փախստականներին ընդունել հարկադրելու Գերմանիայի փորձը հարեւան Չեխիան եւ Բալթյան երկրները գնահատեցին որպես ճնշում։ Լիտվայի վարչապետը զարմացած էր, թե ինչպես է Գերմանիան «գրեթե ագրեսիվ» կերպով մյուսներին ստիպում դա անել։ Ակնհայտ է, որ Մերկելի քաղաքականությունը ոչ միայն մյուս երկրներին է ճգնաժամի մեջ ներքաշում, այլ նաեւ Գերմանիային մեկուսացնում է հարեւաններից»,- եզրափակում է հեղինակը։




























