Թուրքիայում առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել պատգամավորների թեկնածուների ցանկը։

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից ներկայացված պատգամավորի թեկնածուների ցանկում կրկին տեղ է գտել լրագրող Մարգար Եսայանը, սակայն այս անգամ նա հայտնվել է ոչ անցողիկ տեղում։

Եթե հունիսի 7-ի ընտրություններին նա Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում ներկայացվել է ցուցակի 12-րդ տեղում, եւ մի կերպ ընտրվեց պատգամավոր, ապա այս անգամ նրան գրել են ցուցակի 14-րդ տեղում, ինչը խիստ դժվարացնում է նրա պատգամավոր դառնալը։

Նշենք, որ Մարգար Եսայանը հայտնի լրագրող է Թուրքիայում, եղել է Taraf թերթի համակարգողն ու գլխավոր խմբագիրը։ Այս պահին սյունակագիր է Yeni Safak իշխանամետ պարբերականում։