«Այրում ֆրութս» մրգային-հատապտղային պահածոների արտադրության փոքրիկ գործարանը, որը ստեղծվել է Oxfam-ի եւ այլ արտասահմանյան կազմակերպությունների աջակցությամբ, հարկադիր պարապուրդի մեջ է: Այդ մասին Երեւանում 2015 թ կազմակերպված Armenia Expo ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Լճկաձոր» ֆերմերային կոոպերատիվի նախագահ, գործարանի կառավարիչ Ռուսլան Անտոնյանը:

Գործարանը գտնվում է Վրաստանի հետ սահմանի մոտ ՝ Այրում փոքրիկ քաղաքում ու բացվել է 2013 թ. օգոստոսին: Նախագծի համակարգողն է դարձել բրիտանական Oxfam կազմակերպությունը, որը Հայաստանում աջակցում է ֆերմերային կոոպերատիվներին, որպես գյուղացիների համար եկամուտի աղբյուր: Oxfam-ն առաջարկել է գործարանը թողնել կոոպերատիվի կառավարմանը, որպեսզի հնարավորինս ընդարձակ շրջանակի միջեւ բաշխվեն եկամուտները, նաեւ շահագրգռվածությունը: Oxfam-ը նաեւ  որակի վերահսկողություն է իրականացրել թե շինարարության, թե սարքավորումներիտեղադրման ժամանակ:

Գործարանը սարքավորումներով հագեցնելու հարցում աջակցել են նաեւ Orange հեռահաղորդակցային կոնցեռնի հիմնադրամը, ֆրանսիական «Ռոն Ալպ» դեպարտամենտը նաեւ ֆրանկալեզու երկրներում հայ պրոֆեսիոնալների ասոցացիան (G2iA) եւ բրիտանական CARE կազմակերպությունը:

Առաջին տարին ՝ 2014 թ բերքից գործարանը թողարկել է 40 տ ապրանք, բայց չի կարողացել իրացնել այն: Դրա համար էլ պահածոյացման այս սեզոնը ստիպված է եղել բաց թողնել: Հետեւաբար աշխատանք չի լինի նաեւ աշնանը:

Գնորդներ չկան, իսկ եթե նույնիսկ կան՝ ապա այնպիսի գին են պահանջում, որն ինքնարժեքից ցածր է: Հայաստանում փոքր շուկա է, նույնիսկ սուպերմարկետների ցանցերն են քիչ քանակությամբ ապրանք վերցնում:

«Քիչ թե շատ նորմալ իրացում ապահովելու համար պետք է արտահանման ուղղությամբ մտածել: իսկ Ռուսաստանում հիմա ռուբլու գործերը վատացել են, եւ մեզ սկսել են ինքնարժեքից ցածր գին առաջարկել »,- պարզաբանեց Անտոնյանը:

Հաշվի առնելով, որ Այրումը գտնվում է հենց Վրաստանի հետ սահմանին, ընկերությունը ուզում էր ապրանքն առաջարկել նաեւ Վրաստանի սուպերմարկետներին, բայց այնտեղ էլ նույն պատմությունը կրկնվել է:

«Խնդիրները միայն գնի հետ են, իսկ որակի հարցում խնդիրներ չկան, մենք ունենք բոլոր անհրաժեշտ հավաստագրերը »,- նկատեց Անտոնյանը:

Այդուհանդերձ, ֆերմերները շարունակում են գնորդներ փնտրել: Ձեռնարկությունը կարող է աշխատանքով ապահովել մոտավորապես 20 մարդու, նաեւ եկամուտով ապահովել հարակից գյուղի բնակիչներին, ովքեր գործարանին կհանձնեին իրենց մրգերն ու հատապտուղները:

«Այնպես որ ինքներդ եք հասկանում, որ մեր գործը շատ կարեւոր է հարյուրավոր ընտանիքների համար: Իսկ եթե այդպես է, ուրեմն մենք հանձնվելու իրավունք չունենք»,- հավելեց Անտոնյանը: