Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից 2 տարի անց գործով որևէ դրական տեղաշարժ չկա: Ապացույցների անբավարարության հիմքով Պռոշյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի մասով քրեական գործի վարույթը կարճվելուց 2 ամիս անց Հրաչ Մուրադյանի կինը` Լարիսա Աղաբեկյանը դեռ չգիտի`գործով նոր մեղադրյալ կա, թե ոչ:
«Ինձ դեռ ոչ ոք ոչինչ չի ասել, ոչնչից տեղյակ չեմ, միայն գիտեմ, որ դեռ դրական տեղաշարժ չկա»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լարիսա Աղաբեկյանը:
ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ գործով հրապարակման ենթակա որևէ բան չկա:
Հիշեցնենք, որ 2013 թ. ապրիլի 2-ի առավոտյան ժամը 09:00-ի սահմանում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Ձերբակալվել, ապա կալանավորվել էր Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, սակայն ապացույցների անբավարարության հիմքով ավելի ուշ մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի մասով քրեական գործի վարույթը կարճվել էր:




























