Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին հանդիպել է «Արժանապատվություն եւ ճշմարտություն» քաղաքացիական շարժման ներկայացուցիչների հետ, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել իշխանությունների դեմ եւ վրանային ավան էին խփել Քիշնեւի կենտրոնական հրապարակում, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով UNIMEDIA-ն։
«Նախագահ Նիկոլաե Տիմոֆտին, պատասխանելով ցուցարարների պահանջներին, հայտարարել է, որ նա, ցուցարարների պես, նախագահի համաժողովրդական ընտրությունների կողմնակից է։ Նախագահը հաստատել է երկրում արդարադատության, բանկային ոլորտների խնդիրների կապակցությամբ իր մտահոգությունը եւ նշել է, որ իր լիազորությունների սահմաններում օրինական միջոցներ կձեռնարկի ճգնաժամային իրավիճակների շուտափույթ կարգավորման համար»,- ասված է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ։




























