Հայաստանում կարող է վերականգնվել ռոկֆոր եւ շվեյցարական պանիրների տեսակների արտադրությունը: Նման առաջարկությամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերժգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ հանդես են եկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական կազմի ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն էր քննարկել  նրանց կողմից ներկայացված գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ներդրման հնարավորությունները:

Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը նշել է, որ առաջարկվել են թվով 8 ծրագրեր, որոնք կիրառական կարեւոր նշանակություն ունեն եւ կարող են թռիչքային զարգացում ապահովել ոլորտում: Ընդ որում`  միայն մեկը` կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութի  արտադրությանը վերաբերող առաջարկն  է, որի համար անհրաժեշտ կլինի պետական բյուջեից ֆինանսավորում իրականացնել, մնացած ծրագրերը կարող են կյանքի կոչվել մատչելի պայմաններով վարկային ռեսուրսների տրամադրման դեպքում:

Համալսարանի մասնագետները մասնավորապես առաջարկեցին կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութի արտադրություն ստեղծել, ինչպես նաեւ վերականգնել ԽՍՀՄ տարիներին մեծ համարում ունեցող ռոկֆոր եւ շվեյցարական պանիրների տեսակների արտադրությունը, որը մեծ օգուտ կբերի մեր երկրին: Սրա համար անհրաժեշտ կլինի ներգրավել երկարաժամկետ վարկային միջոցներ եւ ավելացնել արտադրության ծավալները:

Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին առաջարկեց ՀԱԱՀ-ին կից  անասնապահական ֆերմայի վերամշակման արտադրամասում նախաձեռնել այդ պանրատեսակների  ցուցադրական արտադրություն:

Մասնագետները հանդես եկան նաեւ տոհմային այծաբուծության զարգացման առաջարկով: Նրանց խոսքով` ծրագրի արդյունավետությունը շատ բարձր է եւ կնպաստի այծերի կաթնատվության շեշտակի ավելացմանը։

Նախարարը նշեց, որ այծաբուծությունը մեզ համար շատ կարեւոր ճյուղ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ այծի կաթից արտադրված մթերքների նկատմամբ մեծ պահանջարկ կա միջազգային շուկայում:

Քննարկվեցին նաեւ նռնենիների նոր այգիների հիմնման հնարավորությունները, որի միջոցով կարելի է կազմակերպել նռան գինիների եւ հյութերի արտադրություն` արտահանման հեռանկարով: Առաջարկվեց նաեւ նռան սեղանի սորտերի արտադրության վրա առանձնահատուկ  ուշադրություն դարձնել, քանի որ դրանք արդեն երկու տարի հետո բերք են տալիս, եւ մոտ չորս տարուց հնարավոր կլինի խոսել ծրագրի արդյունքների մասին:

Ներկայացվեցին նաեւ առաջարկներ խաղողի այգու միջվազային տարածությունների մշակության  մեքենայի արտադրության  կազմակերպման ,«Բայկալ –ԷՄ-1» պրեպարատով պատրաստվող  կոմպոստի, ոչ կոնտակտային եղանակով էլեկտրամելիորացմամբ Արարատյան դաշտավայրի աղուտ-ալկալի հողերի բարելավման վերաբերյալ :

Քննարկումների արդյունքում կայացվեցին որոշումներ, որոնք կփոխանցվեն ՀՀ կառավարությանը։