Շուրջ 250 երիտասարդներ սեպտեմբերի 18-ին անդամակցել են ՀՀԿ-ին: ՀՀ Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 18-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ներկա է գտնվել նրանց կուսակցական տոմսերի հանձնման արարողությանը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից հայտնում են, որ միայն ամռան ընթացքում ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությանն անդամակցել է մոտ 500 երիտասարդ։
Շնորհավորելով երիտասարդներին` ՀՀԿ առաջնորդը կարեւորել է նրանց դերը երկրի կյանքում եւ նշել, որ Հայաստանի ապագան ներկա գտնվող երիտասարդների ու նրանց հասակակիցների ձեռքում է: Սերժ Սարգսյանը խոսել է այժմյան երիտասարդության հաջողություններից եւ սահմանին կանգնած տղաների հերոսություններից ու հավելել, որ հաջողության կարելի է հասնել ակտիվ քաղաքական գործունեության, աշխատասիրության եւ գիտելիքների շնորհիվ: Մեր իրականության մեջ կուսակցական լինելու գաղափարը խեղաթյուրվել է, ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ քաղաքական այս կամ այն ուժին մարդիկ անդամագրվում են պաշտոն ստանալու համար։ «Ես վստահ եմ, որ գնալով այս բացասական մասը վերանալու է, եւ մարդիկ քաղաքական ուժերին անդամակցելու են, որպեսզի ապրեն շատ ավելի լավ երկրում։ Այլ ճանապարհ չկա երկիրը զարգացնելու, քան փորձել քաղաքական ուժերի միջեւ մրցակցության միջոցով հասնելու հաջողության»,- ասել է ՀՀ նախագահը։




























