Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանի առջեւ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հավաքվել են մարզի մոտ 100 բնակիչներ, որոնք գոհ չեն մթերման պայմաններից:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գյուղացիների թիվը գնալով ավելանում է: Նրանք ակնկալիք ունեն հանդիպել «Մուլտի գրուպ»-ի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ՝ հույս ունենալով, որ գործարարն իրենց խնդրին լուծում կտա:
Գյուղացիները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ խաղողի մթերման պայմանագրեր ունեն, սակայն մթերման օրն ուշ է, իսկ տոննաժը պակասեցվել է: Նրանք մտավախություն ունեն, որ մինչեւ մթերման օրն իրենց բերքը կփչանա, բացի դրանից ոմանց բերքի քանակը գերազանցում է պայմանագրում նշված առավելագույն 6 տոննայի մթերման չափը:
«Անցած տարի սեպտեմբերի 12-ին բերքս հանձնել էի, իսկ այս տարի պայմանագրով հոկտեմբերի 4-ին պիտի հանձնեմ: Մինչեւ էդ խաղողս չամիչ կդառնա»,- ասաց գյուղացիներից մեկը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Արարատի եւ Արմավիր մարզերի տարբեր գյուղերի բնակիչներ բողոքի ակցիաներ էին կազմակերպել՝ պահանջնելով ստեղծել պայմաններ խաղողի մթերման համար: Գյուղնախարարությունը խոստացել է օգնել:




























