ԵՊՃՀ նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու եւ ինտիմ բնույթի հրապարակումներ անելու առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է:
«Ես այդ մասին իմ հունիսյան ասուլիսին արդեն խոսել եմ, այլեւս դրան չեմ ցանկանում անդրադառնալ: Թե ովքեր էին այս ամենի հետեւում կանգնած, ասուլիսին ասել եմ»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Պոլիտեխնիկի արդեն նախկին ռեկտորը:
Հիշեցնենք, որ 2015թ. հունիսին 6-ին՝ ԵՊՃՀ ռեկտորի ընտրություններից օրեր առաջ, Հովհաննես Թոքմաջյանն ասուլիս էր տվել՝ հրապարակելով տեսանյութ, որում, ռեկտորի խոսքով, երեւում են գործողություններ կատարողները եւ ժամային համընկնումները: Տեսանյութում երեւում է, որ Հովհանես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջ 3 անգամ են կողմնակի անձիք մուտք գործել, համալսարանի ՏՏ վարչության նախկին աշխատակիցները` վարչության նախկին պետ Վլադիմիր Խոյեցյանի ղեկավարությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2014թ. սեպտեմբերի 5-ին համացանցում հայտնվել էր ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջի անձնական ինտիմ նամակագրությունը: Ռեկտորը հայտարարել էր, որ իր էջը կոտրել են, նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանությունում, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:




























