ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների եւ Կոտայքի մարզի տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հետ Ալափարս համայնքում ծանոթացել է ժամանակակից նոր տեխնոլոգիաների կիրառմամբ «Կովկասֆուդ» ընկերության կողմից հիմնված պտղատու այգիներին, որոնք նախատեսված են ապահովելու բարձր բերքատվություն՝ մեծացնելով գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը՝ հետագայում հաջողված փորձը կիրառելի դարձնելով նաեւ այլ մարզերում:
Հանրապետության նախագահին ներկայացրել են ընկերության կողմից կատարված ներդրումները, իրականացված աշխատանքները եւ տարածքի զարգացման հետագա ծրագրերը: Ըստ պատասխանատուների, կատարվել է շուրջ 700.0 մլն դրամի ներդրում: 2016-2018թթ. նախատեսվում է իրականացնել եւս 200.0 մլն դրամի ներդրում:
Վարձակալված ընդհանուր 35.4 հեկտար մակերեսով հողատարածքի վրա ընկերությունը, ելնելով բնակլիմայական պայմաններից եւ հողի որակից, հիմնել է 29.3 հեկտար մակերեսով ընկուզենու եւ խնձորենու այգիներ, որից խնձորենին զբաղեցնում է 9.2 հեկտար, իսկ ընկուզենին՝ 20.1 հեկտար: Այն մշակվում է ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան. կառուցվել են արդի ավտոմատացված ոռոգման կաթիլային եւ կարկտապաշտպան համակարգեր (այգին ցանցապատվել է):
Հողային աշխատանքներն սկսվել են 2014թ. հոկտեմբերին, իսկ ծառատունկը կազմակերպվել է 2015թ. մարտ-ապրիլ ամիսներին: Կատարված աշխատանքների արդյունքում, խնձորենին եւ ընկուզենին լիարժեք բերքատվության ցուցանիշներ կապահովեն համապատասխանաբար 4-րդ տարում (40 տոննա 1 հեկտարից) եւ 7-րդ տարում (7 տոննա 1 հեկտարից):
«Կովկասֆուդի» պատասխանատուների հավաստմամբ, ընթացիկ աշխատանքների եւ պահպանման համար այգում ներկայումս մշտական աշխատանք է իրականացնում 10 աշխատակից՝ 150,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով: Սեզոնային աշխատանքների ժամանակ նախնական հաշվարկներով, այգում լրացուցիչ կաշխատեն 30-50 աշխատակից՝ 120,000-150,000 ՀՀ դրամ միջին ամսական աշխատավարձով:





























