Հունաստանի ՍԻՐԻԶԱ կուսակցության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ պատրաստ է կառավարություն ձեւավորել «Անկախ հույների» հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցիպրասը շնորհակալություն է հայտնել հույն ժողովրդին իրեն նորից վստահելու եւ 4 տարով մանդատ տալու համար:

«Ես շնորհակալ եմ հույն ժողովրդին, որն ինձ հստակ մանդատ տվեց վերացնել կոռուպցիոն ռեժիմը, որը շատ երկար կառավարել է երկրում»,-ասել է ՍԻՐԻԶԱ-ի առաջնորդը՝ ելույթ ունենալով Աթենքի Կլավտմոնաս հրապարակում իր կողմնակիցների առջեւ:

Ցիպրասը հավելել է, որ արդեն վաղն իրենք կսկսեն «մաքրել անցյալի հաշիվները»: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Անկախ հույներին» եւ Պանոս Կամենոսին: Մենք կմիացնենք մեր ջանքերը»,-ասել է Ցիպրասը: Նշենք, որ ամբիոնի մոտ նրա կողքին կանգնած է եղել «Անկախ հույների» առաջնորդը:

«Ճգնաժամից ելքը չի կարող տեղի ունենալ հրաշքով, բայց հնարավոր է մեր պլանով»,-ասել է Ցիպրասը:

Հիշեցնենք, որ ՍԻՐԻԶԱ կուսակցությունը կիրակի կայացած ընտրություններում ստացել է 35,47 տոկոս ձայն՝ քվեաթերթիկների 97,45 տոկոսի հաշվարկի արդյունքում: Երկրորդ տեղում «Նեա դեմոկրատիա» (Նոր ժողովրդավարություն) կուսակցությունն է 28,07 տոկոսով: Երրորդ եւ չորրորդ տեղերը զբաղեցնում են աջ «Ոսկե լուսաբացն» ու սոցիալիստների ՊԱՍՈԿ-ը, որոնք ստացել են համապատասխանաբար 6,98 եւ 6,27 տոկոս ձայն: