Եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն նույն ոճով գործել, պատժամիջոցները կդառնան միակ համարժեք պատասխանը։ Ադրբեջանի ապակառուցողական քայլերին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման գնահատականն է տվել Եվրոպական խորհրդարանի՝ եվրոպացի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբի պատգամավոր, Եվրախորհրդարանի արտաքին գործերով հանձնաժողովի անդամ Չարլզ Թանոքը՝ անդրադառնալով նաեւ եվրոպական կառույցների կողմից ակնկալվող պատասխան գործողություններին։
Ադրբեջանի խորհրդարանը փաստաթուղթ է ընդունել, որում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դեպքում նախարարների կաբինետը Եվրախորհրդարանի անդամների համար իր երկրի տարածք մուտքի արգելանք դնելու իրավունք է ստանում։ Ի՞նչ քայլեր պետք է ընդունի Եվրոպական խորհրդարանը եւ միջազգային հանրությունը Ադրբեջանի իշխանություններին զսպելու համար։
Իրականում Միլի Մեջլիսը շատ կոշտ արձագանքեց Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին (2015թ. սեպտեմբերի 10, խմբ.) եւ մի շարք հանձնարարականներ ներկայացրեց Եվրամիության եւ Եվրախորհրդարանի հետ համագործակցության մակարդակն իջեցնելու համար։ Նման բան առաջին անգամ չի լինում։ Ադրբեջանցիները նաեւ չեն ընդունում մարդու իրավունքների կապակցությամբ Եվրախորհրդարանի դիրքորոշումը, մինչդեռ այդ իրավունքները իրենց երկրում առնվազն անմխիթար վիճակում են, եւ ցավոք, վիճակը դեպի վատն է գնում։
Ինչ վերաբերում է եվրոպացի պաշտոնյաների այսպես կոչված «սեւ ցուցակին», դա նույնպես նորություն չէ։ Ինչպես գիտեք, ներկայումս ավելի քան 300 մարդու, որոնցից շատերը Եվրախորհրդարանի անդամներն են եւ ԵՄ ներկայացուցիչներ, արգելված է մուտք գործել Ադրբեջան այն պատճառով, որ նրանք Հայաստանի տարածքից այցելել են Լեռնային Ղարաբաղ։ Այդ քաղաքականությունը տարվում է մի քանի տարի շարունակ եւ չի փոխվել, չնայած Եվրախորհրդարնի եւ Եվրամիության խորհրդի կոչերին։ Հետեւաբար, լրացուցիչ արգելքները ոչինչ չեն փոխի։
Ինչպե՞ս կարող է այնպիսի ավտորիտար երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, ընտրություններ անցկացնել եւ դրանք կոչել «ժողովրդավարական»։
Ցավոք, Ադրբեջանը նման վարքով ավելի ու ավելի է հեռանում միջազգային հանրությունից եւ ժողովրդավարական ինստիտուտներից։ Նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ներկա չեն լինելու անաչառ արտասահմանցի դիտորդներ, քանի որ Եվրոպական խորհրդարանն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշել են առաքելություն չուղարկել՝ նշելով, որ երկրում չեն ապահովվում ազատ եւ արդար ընտրությունների համար անհրաժեշտ հիմնական պայմանները։ Եվրախորհրդարանի հնչեցրած քննադատությանը ագրեսիվ արձագանքելը նույնպես չի օգնի Ադրբեջանին. դա մեզ «վախեցնելու» փորձ է, որպեսզի Եվրախորհրդարանը լռի եւ կենտրոնանա միայն այն ոլորտների վրա, որոնք հետաքրքիր են ադրբեջանական կողմին, ինչպես, օրինակ, էներգետիկ ոլորտում համագործակցությունը։
Միգուցե Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցնե՞րը կարողանան ցանկալի արդյունք տալ։
Դժվար է ենթադրություններ անել։ Ամենայն հավանականությամբ կարճատեւ հեռանկարում պատժամիջոցները կհանգեցնեն միայն Ադրբեջանի հետագա մեկուսացմանը Եվրոպայից եւ ընդդիմության ու իրավապաշտպանների ավելի խիստ ճնշումներին։ Այսուհանդերձ, եթե Ադրբեջանի իշխանությունները շարունակեն նման գործելաոճը, պատժամիջոցները կարող են դառնալ միակ համարժեք պատասխանը։
Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը




























