Կատալոնիայի բնակիչների մեծ մասը համաձայն չէ Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասի` Իսպանիայի կազմից դուրս գալու քաղաքական կուրսին: Այս մասին են վկայում սոցհարցման տվյալները, որոնք հրապարակվել են «Վանգուարդիյա» թերթում: Եվ այսպես, Իսպանիայից դուրս գալուն դեմ է արտահայտվել հարցման մասնակիցների 55.5 տոկոսը, մինչդեռ Մադրիդից Բարսելոնայի անկախության օգտին արտահայտվել է միայն 35.3 տոկոսը:
Ընդ որում իսպանական Կատալոնիայի բնակիչների գրեթե կեսը հավատում է Մադրիդի կենտրոնական կառավարության եւ ինքնավար շրջանի իշխանությունների միջեւ երկխոսության հնարավորությանը: Թերթի տվյալներով, կատալոնցիների 46.6 տոկոսը նման տեսակետ ունի: Հակառակ կարծիքն է արտահայտել 46.8 տոկոսը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Այդուհանդերձ հարցման մասնակիցների միայն մեկ հինգերորդ մասն է կարծում, որ Կատալոնիայի գալիք խորհրդարանական ընտրությունները կավարտվեն անկախության ձեռքբերումով: Հարցման մասնակիցների գրեթե կեսը ` 47.2 տոկոսը Կատալոնիայի ընթացիկ տնտեսական իրավիճակը գնահատում է որպես «վատ» կամ «շատ վատ» ու միայն 9.7 տոկոսն է կարծում, որ վիճակը «լավ» է:
Ընդ որում հարցմանը մասնակցած կատալոնցիների ավելի քան 60 տոկոսը չի հավատում, որ առաջիկա կես տարվա ընթացքում տնտեսության ոլորտում իրավիճակը կփոխվի:




























