Հայաստանը դեռ չունի ժողովրդավարության այն մակարդակը, որի մասին 24 տարի առաջ երազում էին անկախության համար պայքարողները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որոնք են անկախության ձեռքբերումներն ու բացթողումները:

«Երբ խոսում ենք բացթողումներից, պիտի հասկանանք, թե 24 տարի առաջ ինչ նպատակ եւ տեսլական ունեինք: Իհարկե, Հայաստանը դեռ չի դարձել աշխարհում ապրող 10 մլն հայերի բնակության վայրը: Հայաստանն ունի նաեւ արտագաղթի խնդիր: Մենք պետք է դասեր քաղենք մեր սխալներից»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Հայաստանը մեծ նվաճումների է հասել այս տարիների ընթացքում. անկախ հանրապետություն, անխախտելի սահմաններ, հզոր բանակ, դեսպանատներ աշխարհի տարբեր երկրներում, չեմպիոններ միջազգային օլիմպիադաներում. «Եվ վերջում, մեր ամենամեծ ձեռքբերումը մեր անկախ սերունդն է»:

Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվել է ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» են ասել։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը: