Ռուսաստանցիների կեսը Աբխազիան եւ Հարավային Օսիան ընկալում են որպես անկախ պետություններ։ Նույնքանն էլ կարծում է, որ այդ հանրապետությունները, ինչպես նաեւ Մերձդնեստրը, պետք է պաշտոնապես անկախ կարգավիճակ ստանան։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա կենտրոնից»։
Համաձայն ՌԴ 46 շրջանների 134 բնակավայրերում օգոստոսի 21-24-ը 800 մարդու շրջանում անցկացրած հարցումների՝ գրեթե ամեն երկրորդ ռուսաստանցին (47 տոկոս) Հարավային Օսիան անկախ պետություն է համարում։ Ռուսաստանցիները համանման կարծիք են հայտնել Աբխազիայի մասին, որին անկախ է համարել հարցվածների 49 տոկոսը։
Միաժամանակ հարցվածների 10 տոկոսը կարծում է, որ Հարավային Օսիան Վրաստանի մաս է կազմում, իսկ 9 տոկոսն էլ նշել է, որ Աբխազիան Վրաստանին է պատկանում։ Ամեն 5-րդը (21%) Հարավային Օսիան Ռուսաստանի մաս է ընկալում, այդքանն էլ (20%) ռուսական տարածք է համարում Աբխազիան։
Լեռնային Ղարաբաղի մասով հարցվածների 42 տոկոսը պատասխանել է, որ այն պետք է անկախ լինի։ 10 տոկոսը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին, 9 տոկոսը կարծում է, որ այն պետք է պատկանի հայերին։ 39 տոկոսը որոշակի պատասխան չի տվել։
Անդրադառնալով Մերձդնեստրին՝ հարցվածների կեսը՝ (49%) կարծում է, որ այդ տարածքի համար լավագույն կարգավիճակը անկախ պետության կարգավիճակն է։ 17 տոկոսը նշել է, որ տարածաշրջանը պետք է մնա Մոլդովայի կազմում։ Իսկ 34%-ը դժվարացել է պատասխանել։




























