«Հայազն» կուսակցության կազմակերպած՝ դեպի ՀՀԿ գրասենյակ «Ինքնիշխանության երթի» մասնակիցներն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, երթից հետո փակել են Աբովյան փողոցի այն հատվածը, որտեղ ծեծի էր ենթարկվել երթի մասնակիցներից ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը:

Երթի մասնակիցներից Մաքսիմ Սարգսյանը NEWS.am-ին ասաց, որ նման քայլով ցանկացել են ոստիկանության ուշադրութունը հրավիրել ծեծի դեպքին:

«Երկար ժամանակ էր անցել, ու ոստիկանները դեռ չէին գալիս դեպքի վայր: Անգամ ոստիկաններ էին էստեղից անցել, մարդիկ զգուշացրել էին, որ ծեծի են ենթարկել մեկին, բայց իրենք անտարբեր գնացել էին: Դրա համար որոշեցինք փակել փողոցը»,- ասաց նա:

Մաքսիմ Սարգսյանը պատմեց, որ փողոցը փակելուց մոտ 10 րոպե անց դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, բացել փողոցը:

Այս պահին ոստիկաններն աշխատանքներ են կատարում դեպքի վայրում, որտեղ ծեծվել էր ազատամարտիկը:

Ավելի վաղ «Հայազն» կուսակցությունն ահազանգել էր , որ «Ինքնիշխանության երթից» հետո երեք անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել Աբովյան փողոցում։ Ազատամարտիկին տեղափոխել են հիվանդանոց:

Նշենք, որ Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ այսօր հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել: