Արգենտինայի հայ համայնքը երկրի նախկին նախագահ Ռաուլ Ալֆոնսինի պատվին միջոցառում է կազմակերպել:

Հայկական մշակութային ասոցիացիայի շենքի պատին Ալֆոնսինի պատվին հուշատախտակ է տեղադրվել: Հենց այդ շենքում է 28 տարի առաջ՝ 1987 թվականի սեպտեմբերի 1-ին, Արգենտինայի նախագահը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է Prensa Armenia-ն:

Հայ համայնքի ներկայացուցիչ Հյուգո Կույումջյանի խոսքով, իրենց պարտքն է հիշել մի մարդու, որն էթիկան եւ բարոյականությունը քաղաքականության անքակտելի տարր դարձրեց: «Թուրքական պետությունը պետք է հասկանա, որ մարդու իրավունքների մեր երկրի դիրքորոշումն ու Հայոց ցեղասպանության ճանաչումը չեն կարող ճնշման եւ բանակցությունների առիթ դառնալ»,- հայտարարել է նա:

Արարողությանը մասնակցել է նաեւ հանգուցյալ նախագահի որդին՝ Ռիկարդո Ալֆոնսինը: