Նոր Զելանդիայում կայացել է Սեմյուել Ֆորեսթի գործով դատական նիստը: Ֆորեսթն ավելի քան կես միլիոն դոլար էր հավաքել Դաունի սինդրոմով ծնված որդու՝ Լեոյի համար:
Սեպտեմբերի 21-ին դատարանում ունեցած ելույթում Ֆորեսթը հայտարարել է իր անմեղության մասին: Ըստ stuff.co.nz-ի, դատավարությունը կշարունակվի այս տարվա դեկտեմբերին:
Տղամարդը հրաժարվել է գործի շուրջ որեւէ մեկնաբանություն տալ՝ միայն նշելով, որ Լեոն, որի մայրն ազգությամբ հայ Ռուզան Բադալյանն է, լավ է զգում:
Նշենք, որ Ֆորեստի դեմ դատական հայց է ներկայացրել որդու անունով Սեմյուելի ստեղծած հիմնադրամի նախկին հոգաբարձու Թրինա Մաքլեչլենը: Վերջինը տղամարդուն մեղադրել է այն բանում, որ հիմնադրամից մեծ գումար է անհետացել:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Նոր Զելանդիայի քաղաքացի Սեմյուել Ֆորեսթը եւ Ռուզան Բադալյանը՝ Դաունի սինդրոմով ծնված փոքրիկ Լեոյի ծնողները, հաշտվել են եւ փոխադրվել Նոր Զելանդիա:
Հիշեցնենք, որ Լեոն ծնվել է հունվարի 21-ին, Երեւանում: Նրա մոտ Դաունի սինդրոմ են ախտորոշել: Առաջինն այդ մասին հայտնել է երեխայի հայրը՝ միջազգային լրատվամիջոցներին հայտարարելով, որ կինը որոշել է հրաժարվել երեխայից, իսկ ինքը՝ ոչ: Դա էլ նրանց բաժանման պատճառ էր դարձել: Ավելի ուշ Ռուզան Բադալյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դա արել է հանուն երեխայի ապագայի: Ըստ նրա, Նոր Զելանդիայում Լեոն կունենա այն, ինչ Հայաստանում նրան երբեք չեն տա:





























