Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա (Կողբ) քաղաքի մուտքի մոտ 4 լեզվով տեղադրվել է բարի գալուստ մաղթող գրություններ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուզլուջայի քաղաքապետ, քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Մեհմեդ Գյուլթեքինը հայտնել է, թե Թուզլուջայի մուտքի մոտ հայերենով «Բարի եկաք» է գրել, քանի որ Թուզլուջան Հայաստանի հետ սահմանակից է, նախկինում Թուզլուջայում հայեր են ապրել ու այն կոչել են Կողբ։ Քաղաքապետը շեշտել է, որ չնայած Թուրքիայում շատ տեղանուններ պաշտոնապես փոխվել են, սակայն ներկայում ժողովուրդը շարունակում է դրանք հայկական անուններով կոչել։

«Թուզլուջան մինչ Թուրքիայի հանրապետության ստեղծումը հայկական բնակավայր էր։ Ներկայում պահպանվել է հայերի գերեզմանոցը, որը ժողովուրդը հենց հայկական գերեզման է կոչում, մեր հովիտն էլ տեղացիները շարունակում են հայկական հովիտ կոչել։ Հայերն այստեղ ապրել են, ստեղծել այս շրջանը, ստեղծել պատմություն։ Մենք այդ ամենը հարգեցինք եւ հայերեն գրեցինք «Բարով եկաք»։  Մենք հայերեն գրելուց անհանգիստ չենք, ընդհակառակը՝ երջանիկ ենք։ Մենք հայերի հետ կրկին բարեկամ ենք լինելու, միասին առեւտուր ենք անելու, տուրիզմ ենք զարգացնելու։ Հայերը մեր եղբայրներն են եւ ոչինչ մեզ չի խանգարի»,ասել է քուրդ քաղաքապետը։

Նշենք, որ NEWS.am-ի տեսախցիկը հայերեն գրությունները տեղադրելու հաջորդ օրը ֆիքսել է այն։