Չեմ կարծում, որ Ադրբեջանի դուրս գալով Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովը շատ բան կկորցնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Եվրանեսթի ԽՎ նիստերի ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը դադարեցնելու մասին Ադրբեջանի Միլի Մեջլիսի որոշմանը:
«Բնականաբար, Ադրբեջանը պետք է աղմուկ բարձրացնի եւ որեւէ կերպ դժգոհություն արտահայտի: Ես խորհուրդ կտայի այս ամենի փոխարեն կարգուկանոն հաստատել սեփական երկրում, ներքին եւ արտաքին քաղաքականությունում»,- ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:
Պատգամավորը հավելեց, որ ադրբեջանական իշխանությունները պետք է հաշվի առնեն միջազգային հանրության կարծիքը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի համապատասխան անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու դեպքում Եվրախորհրդարանի մուտքն Ադրբեջան արգելելու հնարավորությանը, Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Կարծում եմ՝ Եվրախորհրդարանի պատգամավորների համար դա մտահոգիչ գործոն չի դառնա: Ադրբեջանը հսկայական «սեւ» ցուցակ ունի, որում ներառված են Լեռնային Ղարաբաղ այցելած գործիչներ: Այդ ցուցակում արդեն 2-3 հազար մարդ կա, եւ ոչինչ չի պատահի, եթե եւս 15-20 մարդ ներառվի դրանում»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովն Ադրբեջանի դեմ բանաձեւ էր ընդունել, որում քննադատել էր այդ երկրում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության դեմ բռնաճնշումները։ Միաժամանակ, Ադրբեջանի խորհրդարանն «Ադրբեջանի Միլի Մեջլիսի որոշումը Եվրախորհրդարանի՝ 2015 թվականի սեպտեմբերի 10-ի բանաձեւի հետ կապված» անվանումով փաստաթուղթ է ընդունել, որում, մասնավորապես, նշվում է, որ Միլի Մեջլիսը որոշել է «դադարեցնել ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը Եվրանեսթի ԽՎ նիստերին, ինչպես նաեւ Նախարարների կաբինետին հանձնարարել, Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու դեպքում, արգելել Եվրախորհրդարանի անդամների մուտքն Ադրբեջան»:




























