Ֆրանսիայի դպրոցներում շարունակում են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է հայկական սփյուռքի Nouvelles d’Armenie ֆրանսալեզու պարբերականը։ Համաձայն դպրոցական ծրագրի, որը հրապարակել է Le Monde-ն, Ցեղասպանության պատմությունը դասավանդելու են տարրական դպրոցի երրորդ դասարանի Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված բաժնում։ «Մեծ պատերազմը եվրոպական հասարակության միասնականության համար իսկական փորձություն էր, որը թուլացրեց իշխող ռեժիմները։ Ե՛վ զինվորները, ե՛ւ խաղաղ բնակչությունը խիստ դաժանությունների բախվեցին։ Դրա օրինակն է 1915թ. Հայոց ցեղասպանությունը»,- ասված է փաստաթղթում։
«Դատելով ամեն բանից՝ Նաջաթ Վալո Բելկասեմի ղեկավարած Կրթության նախարարությունը կարողացել է ընդդիմանալ Անկարայի եւ նրա հավատարիմ օգնականների ճնշմանը, ինչպիսին է գիտնական Պիեռ Նորան, ով պայքարում էր դպրոցական կրթական ծրագրից Ցեղասպանության թեման հանելու համար»,- գրում է պարբերականը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի դպրոցներում դասավանդում են արդեն մի քանի տարի։





























