Հայտնի են սեպտեմբերի 21-ին, Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում ահաբեկիչների հրթիռակոծության հետեւանքով վիրավորված 4 հայերի անունները: Ինչպես հաղորդում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթը, վիրավորներն են Կարո Աշչյանը, Եղիա Պիլաչյանը, Ժակլին Ասեյանը եւ Ներսես Թաթոյանը: Նրանց վիճակը կայուն է:

Ավելի վաղ NEWS.am-ը՝ վկայակոչելով Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանին, հայտնել էր, որ հայերի մի մասը ապաստան է գտել Հալեպի առավել հանգիստ թաղամասերի իրենց հարազատների մոտ, մյուս մասը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի:

Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասակե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում: