Բուրկինա Ֆասոյի բանակը վերջնագիր է ներկայացրել ապստամբներին՝ պահանջելով առաջիկա 3 ժամվա ընթացքում վայր դնել զենքը, հակառակ դեպքում նրանք հարձակման են ենթարկվելու։ Այս մասին Burkina24 կայքին հայտնել է կառավարությանը հավատարիմ մնացած զինվորականների ներկայացուցիչը։
Անցյալ գիշեր զինվորականները տանկերով մտել էին մայրաքաղաք Ուագադուգու։ Նախագահական գվարդիայի բունտ բարձրացրած ապստամբները, որոնք մի քանի օր առաջ պետական հեղաշրջում էին կազմակերպել, դիմադրություն ցույց չէին տվել։ Բանակը բանակցություններ էր սկսել՝ պայմանով, որ նրանք վայր են դնելու զենքը։
Բուրկինա Ֆասոյի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Պինգրենոմա Զագրեն բանակին կոչ էր արել խուսափել բախումներից։
Նախագահական գունդը բանակի էլիտար մասն է, որում կա 1.3 հազար զինծառայող։ Այն 2014թ. տապալված նախագահ Բլեզ Կոմպաորեի ապավենն էր։





























