Ադրբեջանում փախստական Մաքսադ Սուլեյմանովի ինքնահրկիզման պատճառը ոստիկանի հալածանքներն են եղել։ Այս մասին Turan գործակալությանը հայտնել է հանգուցյալի եղբայր Զահիդ Ալիեւը։

Նրա խոսքով՝ Սուլեյմանովն աշխատել է իբրեւ տաքսիստ։ Պարեկային ծառայության սերժանտ Ռամիլը Սուլեյմանովից գումար է շորթել՝ սպառնալով արգելել նրան աշխատել։ Եղբոր խոսքով՝ Մաքսադը մեքենայի համար վարկ էր վերցրել եւ ֆինանսապես վատ վիճակում էր, այդ պատճառով չի կարողացել գումար վճարել ոստիկանին։

Երկու ամիս առաջ Մաքսադին 2 օրով ձերբակալել էին։ Ոստիկանի հալածանքների պատճառով նա ստիպված է եղել վաճառել մեքենան եւ աշխատել շուկայում։ Սակայն այնտեղ նույնպես գործերը լավ չեն եղել, եւ Մաքսադը վերադարձել է տաքսու վարորդի իր աշխատանքին։ Ոստիկան Ռամիլի հալածանքները շարունակվել են, վերջինս վարորդին տուգանել է 51 ադրբեջանական մանաթով։ Դա շատ ծանր է ազդել նրա վրա, եւ Մաքսադը, հենց այդտեղ՝ ոստիկանի աչքի առջեւ, իր վրա բենզին լցնելով, ինքնահրկիզվել է։

Սուլեյմանովի հարազատները իշխանություններից օգնություն են ստացել, սակայն նրանք պահանջում են պատժել ոստիկանին, որը նրան ինքնասպանության է հասցրել։