Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան 5 արտադրողներ սեպտեմբերի 22-25-ը Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «TextilLegProm 2015» 45-րդ միջազգային ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսին` աշխարհի 42 երկրների ավելի քան 2500 ընկերությունների հետ միասին: Հայկական ընկերությունները ներկայացնում են տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի, բաճկոնների գունեղ ու նորաձեւհավաքածուներ:

Այս տարի ակնկալվում է ավելի քան 30 000 այցելու, որոնց շարքում մեծածախ գնորդներ, ոլորտի մասնագետներ, առեւտրային դիստրիբյուտորներ, տարբեր առեւտրային ցանցերի ներկայացուցիչներ ու ներմուծողներ են: Ցուցահանդեսն ունի նաեւ հագեցած գործարար ծրագիր` համաժողով, կլոր սեղաններ, շնորհանդեսներ ու մրցույթներ:

«Հայկական ընկերությունների մասնակցությունը կազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության աջակցության ծրագրի շրջանակում: Այս ցուցահանդեսը հարթակ է մասնակից արտադրողների եւ մեծածախ գնորդների միջեւ պայմանավորվածությունների ձեռքբերման, պայմանագրերի կնքման, նոր գործընկերային հարաբերությունների ստեղծման եւ հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման համար: Առկա է նաեւ մանրածախ առեւտուր իրականացնելու հնարավորություն, որից հայաստանյան արտադրողները կարող են հաջողությամբ օգտվել, նոր գործարար կապեր ստեղծել եւ շահավետ պայմանագրեր կնքել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը: