Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 21-ին բժիշկների եւ ոստիկանի վրա հարձակված հիվանդը՝ Դանիել Թովմասյանը, ոչինչ չի հիշում դեպքի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԲԿ փոխտնօրեն Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ Թովմասյանը հիվանդանոց է ընդունվել անգիտակից վիճակում:
«Իրեն անմիջապես տեղափոխել ենք Վերակենդանացման բաժանմունք, միացրել ապարատյին շնչառության, անհրաժեշտ ներարկումներն արել: Այնուհետեւ որոշ ժամանակ անց, երբ ուշքի է եկել, ագրեսիվ է դարձել: Մոնիտորներն է գցել, կոտրել, շտատիվները կոտրել է եւ որպես թուր օգտագործելով՝ հարձակվել է մյուս հիվանդների վրա: Բուժաշխատողները փորձել են նրան կարգի հրավիրել, նրանց նույնպես վնասել է»,- պատմեց Արմեն Գրիգորյանը:
Հիվանդին փորձել է հանգստացնել ոստիկանը, սակայն նրան էլ չի հաջողվել, ստիպված է եղել կրակել հիվանդի ոտքին։Այնուհետեւ հիվանդին տեղափոխել են վիրահատարան, մշակել վերքը:
Դանիել Թովմասյանն այսօր իրեն արդեն լավ է զգում, բայց դեռ Վերակենդանացման բաժանմունքում է: Նա կարողանում է քայլել: Դեպքը բուժանձնակազմին ավելի շատ բարոյական, քան նյութական վնասներ է հասցրել:
«Եթե արտասահմանում լինեինք, ապա ես կասեի՝ 1 մլն-ի բարոյական վնաս է հասցվել, այն աստիճանի է, որ հիվանդասենյակի հիվանդներն էլ հոգեբանական այնպիսի վիճակում են, որ ասում են՝ մեզ տարեք էստեղից»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Նշենք, որ Դանիել Թովմասյանը հիվանդանոց է տեղափոխվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակից:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ եւ 316-րդ 1-ին մասերով:




























