Տեղեկությունը, թե «Ոտքի Հայաստան» նախաձեռնության` օգոստոսի 21–ի բողոքի ակցիայի ժամանակ 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին ապտակած ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը կրկին աշխատում է ոստիկանությունում չի համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից՝ հերքելով Հակոբ Նազարի-Դեխնավիի այն հայտարարությունը, թե իր ընկերները տեսել են՝ ինչպես է սեպտեմբերի 12-ին՝ «Ոչ թալանինի» հավաքի ժամանակ Վարդգեսյանին ոստիկանական հագուստով լիազորություններ իրականացնում:
Նշենք, որ նախօրեին Հակոբ Նազարի-Դեխնավին մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ Արթուր Վարդգեսյանը շարունակում է աշխատել ոստիկանությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին ավագ լեյտենանտ Արթուր Վարդգեսյանը ապտակել է 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին:
Հաջորդ օրը, ըստ Ոստիկանության տեղեկության, Վարդգեսյանի լիազորությունները դադարեցվել են: Նշանակվել է ծառայողական քննություն: Նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:




























