Ռումինիան սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելին:
Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Ռումինիայի հայ համայնքի դերը, որը մեծապես ներգրավված է Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում:
Խոսելով մշակութային համագործակցության մասին՝ ԱԺ նախագահն իր գոհունակությունն է հայտնել ռումինահայության մշակութային ժառանգության եւ պատմամշակութային հուշարձանների հանդեպ Ռումինիայի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության վերաբերյալ:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ ԱԺ նախագահը փաստել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:
Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լասլո Բորբելին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է պատվիրակության անդամներին: Նա նշել է, Ռումինիան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը, եւ իրենց այցն այս տոնական օրերին պատահականություն չէ: Լասլո Բորբելին փաստել է, որ Ռումինիան ուշադիր հետեւում է զարգացումներին այս տարածաշրջանում եւ սատարում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Լասլո Բորբելին նշել է, որ հայ ժողովրդի ողբերգությունը մարդկության ողբերգությունն է, եւ այն պիտի դաս լինի բոլորի համար:
Պարոն Բորբելին բարձր է գնահատել հայ համայնքի դերը Ռումինիայի զարգացման գործընթացում եւ նշել, որ ռումինահայ համայնքը մեծ դերակատարում ունի հայ-ռումինական մշակութային կապերի զարգացման գործում:
Լասլո Բորբելին միջպետական կապերի զարգացման գործում կարեւորել է փոխայցելությունների դերը եւ նշել, որ երկու երկրների տնտեսական համագործակցության բնագավառում մեծ է անելիքը, եւ կարծիք հայտնել, որ պետք է զարգացնել հարաբերությունները Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակում:





























