Ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկողներին պատժելու պահանջով այսօր`սեպտեմբերի 22–ին, Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մոտ հավաքված ազատամարտիկները մոտ երեք ժամ անց բողոքի ակցիան տեղափոխել են Աբովյան փողոց, որտեղ նախօրեին ծեծի էր ենթարկվել ազատամարտիկը։
Նրանք իշխանություններից պահանջում են շուտափույթ հանդես գալ դեպքը դատապարտող հայտարարությամբ եւ պատժել մեղավորներին: Այս մասին հայտարարեցին ազատամարտիկները՝ ավելացնելով, որ եթե դեպքն օրենքի շրջանակներում չհագուցալուծվի, իրենք կդիմեն ինքնադատաստանի:
«Սմբատին ծեծելու մասին ամենաառաջինը պետք է իշխանությունները բարձրաձայնեին եւ դատապարտեին: Եթե ծեծողը ՀՀԿ անդամի թիկնազորից է եղել, իրենք պետք է դրա ականջը քաշեն, չէ մենք կքաշենք»,-ասաց ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Սմբատ Հակոբյանի խոսքով` ինքը ճանաչել է իրեն ծեծողներից մեկին` Տիգրանին, որը, ըստ նրա, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է։
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այն անձը, ում ազատամարտիկը մեղադրում է, այժմ հարցաքննվում է:
Աբովյան փողոցում ազատամարտիկները կորոշեն իրենց հետագա անելիքները:
Ազատամարտիկներին վրդովեցրել է ոստիկանների պահվածքը, որոնք, ըստ նրանց, պատշաճ չեն արձագանքել կատարվածին:
Նշենք, որ երեկ ակտիվիստները փակել էին Աբովյան փողոցը՝ փորձելով ոստիկանների ուշադրությունը հրավիրել ազատամարտիկին ծեծի ենթարկելու միջադեպի վրա: Ոստիկանները միայն դրանից հետո են դեպքի վայր ժամանել եւ քննություն սկսել:
Սմբատ Հակոբյանը այսօր լրագրողներին հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել 6 հոգով, որոնց թվում է եղել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից ոմն Տիգրանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում:
Նշենք, որ Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ այսօր հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Ազատամարտիկի մոտ առկա է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, կրծքավանդակի փակ վնասվածք, 8-րդ ողի վնասվածք, կրծքավանդակը դրենավորվել է:
Դեպքի առնչությամբ Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նյութերը դեռ չեն ուղարկվել Քննչական կոմիտե:




























