Գործով հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ քրեական գործ հարուցել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

Ամենայն հավանականությամբ, առաջիկայում քրեական գործ կհարուցվի Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նշենք, որ ազատամարտիկը պնդում է, որ իրեն ծեծի ենթարկողների մեջ եղել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի աշխատակից ոմն Տիգրանը: Վերջինս այս պահին ոստիկանությունում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ինմի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում:

Նշենք, որ Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:

Դեպքի առնչությամբ Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նյութերը դեռ չեն ուղարկվել Քննչական կոմիտե: