ԵԱՀԿ ՄԽ համանախագահները անհամբերությամբ սպասում են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կուլիսներում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը, որի նպատակն է նախապատրաստել երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը։ Այս մասին Trend-ին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Նրա խոսքով՝ այս տարի Մինսկի խմբի համանախագահները կարողացել են առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության համապարփակ համաձայնագրի որոշ տարրերի շուրջ բանակցություններում եւ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում նվազեցնել լարվածությունը։ «Մենք հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն հանդիպել մինչեւ տարվա վերջ։ Համանախագահներն այդ պլանները կքննարկեն երկու երկրների արտգործնախարարների հետ ՄԱԿ ԳԱ շրջանակներում։ Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպումը»,- ասել է դիվանագետը։

Մեկնաբանելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ  հարաբերությունների սրման ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա՝ համանախագահը նշել է, որ երկու երկրները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման ընդհանուր նպատակներին եւ այն կարծիքին, որ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։

«Չնայած ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ այլ ոլորտներում համագործակցության տարաձայնություններին՝ մենք սերտորեն համագործակցում ենք ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում երկարաժամկետ կարգավորման համար, որը կվերակառուցեր Հարավային Կովկասը»,- ասել է նա։