Եթե երեք ժամվա ընթացքում` մինչեւ ժամը 18։00–ն, ոստիկանությունը չհայտնաբերի եւ չպատժի ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկողներին, ապա ազատամարտիկներն իրենք կպատժեն նրանց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը` նշելով, որ իրենք այս պահին հավաքված են այն վայրում, որտեղ Սմբատ Հակոբյանին նախօրեին ծեծի էին ենթարկել, եւ սպասում են ոստիկանության որոշմանը:
«Մենք մեր ուժերով գտել էինք այդ Տիգրանի տան հասցեն, եւ ուզում էինք նրան մեր ձեւով պատժել, հետո իմացանք, որ նա արդեն ոստիկանությունում է: Հիմա սպասում ենք, որ ոստիկանությունը հայտնաբերի ծեծի մյուս մասնակիցներին, այլապես մենք մեր ձեւով կպատժենք նրանց, որը շատ ավելի վատ է լինելու, քան ոստիկանության պատիժը»,-ասաց նա:
Նշենք, որ ծեծի ենթարկված ազատամարտիկը ասել էր, որ ճանաչել է իրեն ծեծողներից մեկին` ոմն Տիգրան, որը, ազատամարտիկի տեղեկությամբ, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից է։ Տիգրանին հրավիրել են ոստիկանություն, Ռուբեն Հայրապետյանը NEWS.am–ի հետ զրույցում ասել է, որ իր թիկնազորում Տիգրան անունով մարդ չկա, իսկ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին անվանել էրխաբեբա։
Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ իրենք այլեւս չեն հանդուրժելու նման բան:
«Մի քանի անգամ ազատամարտիկները ծեծի ենթարկվեցին, մենք չընդվզեցինք, եւ ահա արդյունքը: Այլեւս անհանդուրժելի է, անընդունելի, որ ազատության օրը ազատության մարտիկի վրա ձեռք բարձրացնեն»,-ասաց նա:
Ազատամարտիկը նշեց, որ պահեստազորի գեներալ–լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հետ քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, որը խոստացել է, որ իրենք 2-3 ժամվա ընթացքում կհայտնաբերեն ծեծի մյուս մասնակիցներին: Գործը հսկող դատախազի ցուցումով առաջիկայում քրեական գործ կհարուցվի ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ինմի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:
Դեպքի առնչությամբ Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նյութերը դեռ չեն ուղարկվել Քննչական կոմիտե:




























