Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադին կես տարվա մեջ առաջին անգամ հայրենիք է վերադարձել, որտեղ չեն դադարում ընդհարումները շիական խռովարարների՝ հոուսիտների ու կառավարության կողմնակիցների միջեւ: Այդ մասին հայտնել է երկրի ԱԳՆ ղեկավար Ռիյադ Յասինը:
«Նախագահի վերադարձը Եմեն վերջնական է լինելու»,- ասել է նախարարը Sky News Arabia հեռուստաալիքին: Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ նշել է, որ մոտ ժամանակներս ամբողջ երկրի տարածքում կվերականգնվի օրինական իշխանությունը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Ավելի վաղ հայտնել էին, որ Մանսուր Խադին կժամանի Ադեն մահմեդական գլխավոր տոնակատարության՝ զոհաբերության տոնի (Իդ ալ Ադխա) ժամանակ, որը սկսվելու է սեպտեմբերի 24-ին ու տեւելու է երեք օր: Սակայն Եմենի նախագահը ընդամենը մի քանի օր կմնա երկրում: Այդ ընթացքում նա մտադիր է ստուգել, թե «ինչպես է ընթանում «Անսար Ալլահ» շիական շարժման (հոուսիտների) կողմնակիցներից ազատագրված շրջանների՝ այդ թվում Ադեն նավահանգստային քաղաքի վերականգնումը:




























