Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում է ունեցել ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամների հետ։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, նախարարը նշել է, որ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար հրավերներ են ուղարկվել մի շարք միջազգային կազմակերպություններ։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանում ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հայտարարությունը հակասում է ԺՀՄԻԳ մանդատին։
Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշել է 400 կարճաժամկետ եւ երկարաժամկետ դիտորդ ուղարկել 9.5 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի 125 ընտրաշրջանների համար այն դեպքում, երբ ավելի քան 100 մլն ազգաբնակչություն ունեցող երկրների համար այդ կառույցն ուղարկում է 400-500 դիտորդ։ Մամեդյարովը կարծում է, որ դա դուրս է նորմալ տրամաբանությունից։
Նախարարը հիշեցրել է, որ գրասենյակի մանդատը առաջին հերթին ԵԱՀԿ անդամ երկրներում ընտրություններին տեխնիկական աջակցություն ցուցաբերելն է։ Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ներկայիս նախագահի մասնակցության հարցը քննարկվել է, եւ համապատասխան լուծում կգտնվի։




























