Երեւանում սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սմբատ Հակոբյանը սեպտեմբերի 21-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, Աբովյան փողոցում հինգ անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով, ձեռքի տակ ընկած առարկաներով հարվածել մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ս.Հակոբյանի հիվանդության պատմագրի համաձայն` վերջինի մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի փակ կոտրվածք, 8-րդ կողի կոտրվածք, պնեւմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա աջից»:
Ելնելով վերոգրյալից եւ նկատի ունենալով, որ սույն նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ քննիչը որոշում է կայացրել հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ս.Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող։ Քննիչն այցելել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու, սակայն վերջինս ցուցմունք չի տվել՝ ինքնազգացողության վատ լինելու պատճառով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպի ՀՀԿ գրասենյակ «Հայազն» կուսակցության անցկացրած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ինմի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին եւ ծեծի ենթարկել նրան Աբովյան փողոցում: Սմբատ Հակոբյանը ՀՀԿ գրասենյակի մոտ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել:




























