Երևանի Մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի գետնանցումի աստիճաններին մանրածախ առևտուր իրականացնողները սեպտեմբերի 23-ից այդ տարածքում այլևս առևտրով չեն զբաղվի։ NEWS.am-ի հետ զրույցում առևտրականներից Գագիկ Ներսիսյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկման վարչության ներկայացուցիչներն արդեն մի քանի օր է` գալիս և խաչընդոտում են մոտ 20 առևտրականների աշխատանքը՝ պահանջելով ազատել տարածքը, քանի որ այդ տարածքում առևտրով զբաղվելն անօրինական է։
«Այսօր նորից քաղաքապետարանից եկան, ստիպեցին հավաքել մեր ապրանքը։ Բոլորով հավաքվեցինք, գնացինք քաղաքապետարան, այնտեղից էլ ուղարկեցին «Կենտրոն» թաղապետարան։ Խնդրեցինք, որ գոնե մինչև Նոր տարի թույլ տան առևտրով զբաղվել, մինչև մի ճար գտնենք, բայց թույլ չտվեցին։ Թաղապետ Արա Սադոյանը խոստացավ մեզ օգնել, այլ տարածքում առևտրով զբաղվելու տեղ գտնել, տեսնենք` կօգնի, թե ոչ»,-ասաց Գագիկ Ներսիսյանը։
NEWS.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ նման որոշում է կայացրել Երևանի ավագանին, որը բխում է ՀՀ առևտրի և սպասարկումների մասին օրենքից, ըստ որի՝ Երևան քաղաքում ապօրինի առևտրով զբաղվողների գործունեությունը դադարեցվելու է։ Նրս խոսքով, օրենքում հստակ ասվում է, որ բացի ամսագրերից, պաղպաղակներից, զովացուցիչ ըմպելիքներից, ջրից, մնացած բոլոր տեսակի ապրանքների վաճառքը ոչ սահմանված տարածքներում համարվում է ապօրինի առևտուր։
«Այս օրենքը միշտ եղել է, ուղղակի ինչ-ինչ պատճառներով չի կիրառվել, և փորձում ենք հիմա կիրառել։ Ամբողջ քաղաքում հսկողություն է իրականացվում և ապօրինի առևտրով զբաղվողներին արգելվելու է շարունակել իրենց գործունեությունը։ Առաջին աղմուկը բարձրացավ, երբ Երևանի «Մալաթիա» շուկայի բացօթյա տարածքի առևտրականներին հեռացրինք, հիմա նրանք տեղավորվել են, իրականացնում են իրենց առևտուրը նախատեսված վայրերում։ Շուկայում առևտուր իրականացնողին ոչ ոք չի ասում` մի զբաղվի առևտրով»,-ասաց Արթուր Գևորգյանը։





























