Քասախ գյուղի բնակիչն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, անվադողեր է այրել Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատանքի վերաբերյալ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանը հայտնեց, որ իր համագյուղացու՝ 28-ամյա Վիգեն Դավթյանի բողոքն այն է, որ գյուղը սպասարկող երթուղին մինչեւ Երեւանի կենտրոն չի հասնում:
«Մեր գյուղի տրանսպորտը մինչեւ Երեւանի կենտրոն չի հասնում, ինչն էլ դժվարացնում է ուսանողների գործը. ուսանողները ստիպված են լինում Մալաթիայից այլ երթուղային նստել՝ իրենց համալսարանները հասնելու համար: Դրա դեմ էր բողոքում Վիգենը՝ հույս ունենալով, որ ճանապարհին անվադողեր այրելով եւ ճանապարհը փակելով հարցին լուծում կտրվի»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ Վիգեն Դավթյանը սովորում է Հայաստանի ագրարային ազգային համալսարանում:
Այս պահին դեպքի վայրում են իրավապահ մարմինները եւ հրշեջ-փրկարարները:




























